ԵՎ ԿԼԻՆԻ ՄԵԿ ՀՈՏ ԵՎ ՄԵԿ ՀՈՎԻՎ
Սրանք Քրիստոսի խոսքերն են, որ պետք է իրականություն դառնան Իր գալուստից հետո:
«... Եվ կլինի մեկ հոտ և մեկ հովիվ» գաղափարն այսօր սատանան փորձում է իրականացնել Երկրի վրա գլոբալիզացիա անվան տակ: Նշանաբանն է՝ չկա՛ հայրենիք, չկա՛ պետություն, չկա՛ն սահմաններ, մենք բոլորս մեկ ենք, նույն աստծուն ենք պաշտում, որը պարզապես ամեն մի ժողովրդի տարբեր անուններով է հայտնվել, ոմանց Բուդդայի միջոցով, ոմանց՝ Մուհամեդի, ոմանց Կրիշնայի, ոմանց Քրիստոսի միջոցով, ոմանց.... բայց բոլորս մեկ ենք, և բոլորիս նպատակը պետք է լինի Երուսաղեմի տաճարի կառուցումը:
Իսկ ինչո՞ւ է հենց Երուսաղեմի տաճարի կառուցումը գերնպատակ (ի դեպ, սա նաև գերնպատակ է բոլոր աղանդավորական կազմակերպությունների համար), և այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում: Ըստ աստվածաշնչյան մարգարեությունների՝ վերջին ժամանակներում պետք է վերականգնվի Երուսաղեմի տաճարը, և այնտեղ պետք է նստի Նեռը՝ հակաքրիստոսը. «Եվ Նա պիտի զորացնի ուխտը շատերի համար մեկ յոթնյակ և յոթնյակի կեսին պիտի դադարեցնի զոհը և պատարագը, և տաճարի ծայրի վրա ավերածի պղծությունը կլինի, մինչև որ վերջնական և նախասահմանյալ պատուհասը կթափվի ավերածի վրա» (Դանիել 9.27):
Այս ամենը իրագործելու համար նախ պետք է ստեղծել անդեմ ու անհայրենիք հասարակություն, այստեղ պետք է ոչնչացնել քրիստոնեական հավատքը, շեղել այլ ուղղությամբ, ինչի մասին էլ հենց Քրիստոս ասաց. «Զգո՛ւյշ կացեք, չխաբվեք, որովհետև շատերը պիտի գան Իմ անունով և պիտի ասեն, թե՝ ես եմ Քրիստոսը, և թե՝ ժամանակը մոտեցավ, նրանց հետևից չգնաք» (Ղուկ. 21.8): «Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն» (Մատթ. 24.11): «Այն ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ ահա՛ Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ, չհավատաք նրան. որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի ելնեն և մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցույց տան՝ Աստծու ընտրյալներին անգամ մոլորեցնելու աստիճանի, եթե հնար լինի: Ահա ձեզ առաջուց ասացի: Ապա եթե ձեզ ասեն՝ ահա՛ անապատի մեջ է, չելնեք, կամ թե՝ ահա՛ մառանում է, չհավատաք. որովհետև ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, մարդու Որդու գալուստը այնպես կլինի: ՈՒր որ դիակն է, այնտե՛ղ կհավաքվեն արծիվները» (Մատթ. 24.23-28): Այսօր կազմավորված բազմաթիվ ու բազմաբնույթ աղանդավորական շարժումները վկայում են հենց այդ մասին, սրանք ուղղորդված են քրիստոնյա պետությունները քայքայելու: Ամեն մեկն իր հերթին ասում է.
-ՈՒզո՞ւմ ես Քրիստոսին տեսնել, արի մեզ մոտ:
Պատկերացնո՞ւմ եք, եթե մեր այս փոքրիկ երկրում բոլորը աղանդավոր լինեն, զենք չվերցնեն և սահմանին չկանգնեն, ինչ կլինի: Խաչը նաև պայքար է, սուր է, որով յուրաքանչյուր քրիստոնյա պետք է պայքարի իր հավատքն ու սրբությունները, իր ազգն ու պետությունը պահպանելու համար, ինչպես եղավ 451 թ. Ավարայրում, 1918-21 թթ. Բաշ-Ապարանում, Սարդարապատում և վերջապես մեր ժամանակներում՝ Արցախյան պատերազմում... Իսկ պատերազմներն անխուսափելի են գերտերությունների առկայության և նրանց շահերի բախման պարագայում. «Սակայն երբ լսեք պատերազմների ձայներ կամ պատերազմների լուրեր, չխռովվեք, որովհետև այդ պետք է, որ լինի, բայց դեռ աշխարհի վախճանը չէ: Ազգ ազգի դեմ պիտի ելնի և թագավորություն՝ թագավորության դեմ, և տեղ-տեղ երկրաշարժեր պիտի լինեն, սով և համաճարակ ու խռովություններ. բայց այդ բոլորը սկիզբն է երկանց» (Մարկ. 13.7-9): Այս բոլոր իրադարձությունները պետք է նախորդեն Անօրենի՝ Նեռի գալստյանը. «Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է: Եվ ինչպես լսել եք, Նեռը գալու է» (Ա Հովհ. 2.18): Եվ նրա գոյության իրողության նշանները տեսնում ենք մեր ժամանակներում, երբ ԱՄՆ-ում Աստծո տասը պատվիրանները պատկերող կոթողը դեն նետեցին, իսկ տեղը Նեռի երեքմետրանոց արձանը դրեցին: Այս ամենը իրագործվում է «վերջին օրերի» մարդկանց կողմից. «Իմացիր, որ վերջին օրերում չար ժամանակներ պիտի գան, քանի որ մարդիկ պիտի լինեն անձնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, բարին չսիրող, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի հեշտասեր, քան թե աստվածասեր» (Բ Տիմ. 1-4): Այս տեսակ «մարդիկ» են, որ պիտի մոտեցնեն ողջ մարդկության կործանման ժամանակները, երբ պիտի հաստատվի Անօրենը «Եվ ստիպի բոլորին՝ փոքրերին և մեծամեծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի և ճակատի վրա: Եվ ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել, եթե չունենա գրի դրոշմը և գազանի անունն ու նրա անվան թիվը: Այստե՛ղ է ահա իմաստությունը: Ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվ է. և նրա անվան թիվը այս է՝ վեց հարյուր վաթսունվեց» (Հայտ. 13.16-17):
Այդ դրոշմը արդեն գործածական է աշխարհում չիպ, կենսաչափական անձնագիր, նույնականացման քարտ անվանումներով:
Գազանի նշանը օգտագործվելու է հակաքրիստոսի կողմից: Այսօր գովազդի միջոցով մարդիկ հարմարվում են այն մտքին, թե նշանը կամ ներարկումը անվտանգությունը պահպանելու, բժշկական տեղեկատվություն ապահովելու և աշխարհն ավելի փոխադարձ կապված դարձնելու միջոց է: Քանի որ վերաբերմունքը փոխվում է, վախը նվազում, մարդիկ համոզվում են, որ այս նշանն անհրաժեշտ է, հակաքրիստոսի համար գազանի իրական նշանն ավելի հեշտ կլինի ներկայացնել աշխարհին: Մարդկության պատմության ընթացքում և ոչ մի դարում չի եղել մի դեպք, երբ մարդ վաճառակետերից գնի կամ վաճառի անձնագրով կամ իր մեջ ներարկված չիպի միջոցով:
Միացյալ ազգերի կազմակերպությունը, Համաշխարհային առևտրի կազմակերպությունը, Միջազգային դատարանը, խաղաղապահ-ոստիկանական ուժերը, սոդոմական երկրներից ֆինանսավորվող բազմաթիվ և բազմաբնույթ ՀԿ-ները, գրանտակեր հուդաները և այլ գործակալություններ, մարդկանց համարակալումը՝ նույնականացման քարտերը, կենսաչափական անձնագրերը, մարդկանց չիպավորումը մեկ համաշխարհային կառավարության կազմավորման նախնական քայլերն են:
Ահաբեկչության, պատերազմների աճող վտանգը և միջինարևելյան հակամարտությունները, որոնք այժմ անվանում են կառավարվող քաոս, Քրիստոսի հանդեպ հավատի և վստահության անկումը, Եկեղեցու տկարացումը, քրիստոնյաների հալածանքը միայն կարագացնեն կառավարող մարմնի կազմավորումը, քանի որ անհավատությունը, վախը և անվտանգության խոստումները ստիպում են ավելի շատ մարդկանց կամենալ իրենց ազգային ինքնիշխանությունը հանձնել գլոբալ կառավարմանը՝ սատանային: Վերջում նշեմ նաև, որ արդեն գործողության մեջ է դրված համաշխարհային անձնագիրը, որը հաստատումն է այս ամենի:
ԱՆՄԽԻԹԱՐ ԽԱՎԱՐ
«Եթե դուք Իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, Իմ ճշմարիտ աշակերտները կլինեք: Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ. 8. 31, 32):
Ճշմարտությունից հեռացած աշխարհը հեծում է Աստծուց հեռանալու ինքնատանջանքից, և մխիթարությունների փնտրտուքներում ավելի ու ավելի է հեռանում Աստծուց և ճշմարտությունից:
Աշխարհն այսօր խելագարության ճանապարհին է, բայց ամբողջովին խելագարված չէ, քանզի դեռ չարի իշխանությունը անսահմանափակ չէ, դեռ Աստված Իր անսահման ողորմությամբ պահում է մեր փխրուն աշխարհը, քանի դեռ այն վերջնականապես չի թաղվել թանձր խավարի մեջ, թեկուզ և կարճ ժամանակով: Սուրբ Հոգին միայն Ճշմարտության Հոգին չէ, Նա Մխիթարության Հոգին է, և ինչ սարսափ կտիրի Երկիր մոլորակի մոլորված բնակիչների մեջ, երբ Սուրբ Հոգին հեռանա, վերցվի մեզնից, այդժամ մենք՝ հույսից, հավատից, սիրուց, ճշմարտությունից արդեն իսկ սեփական կամքով զրկվածներս, կզրկվենք նաև որևէ նեղության համբերելու զորությունից՝ մխիթարությունից, և իսկապես դեմ առ դեմ կհանդիպենք մահվան սարսափներին և կհասկանանք, որ մեր դատապարտությունը վաստակել ենք դատարկ առիթներով տրտնջալու սովորույթով, և առկա մխիթարությունն ու Մխիթարչին մերժելու անհեռանկար որոշումով: Փորձությունն անհրաժեշտ է, որպեսզի հարդն ու ոսկին իրարից զատվեն ու զտվեն: 90-ականները մեր ժողովրդի համար այդպիսի քուրա էին: Մարդիկ, անակնկալ շփոթության մատնված, արթնացան քնից, երբ նրանց գլխի տակից վերցրին խորհրդային փափուկ բարձը: Արհեստականորեն ստեղծված սովի պայմաններում ապրող ժողովուրդը, առանց իրականության մեջ խորամուխ լինելու հնարավորության, Արևմուտքից իբրև օգնություն ստացված՝ կենդանիների համար նախատեսված կերը և գենոմոդիֆիկացված եգիպտացորենի ալյուրը երախտագիտությամբ սպառեց և սովորություն դարձրեց աչքը ճամփին սպասել հաջորդ «համեղ պատառին»: Մարդիկ մի փոր հացի ու մի քոռ գրոշի դիմաց վաճառեցին իրենց մարդկային էությունը և իրենց հայրենիքն ու իրենց մատնեցին ստրկության: Սկսվեց համատարած «ոգու սովը», որը ոչ մի նյութական ու զգայական բանով չի հագենում, այլ միայն արթուն հոգու բանականությամբ: Հոգևոր թմբիրից հազիվ սթափված, կիսախուփ աչքերով ինչ-որ ընտրություն արեցին, ինչ-որ «այո» հնչեցրին: Իսկ այսօր կրկին «ոչ»-ի կամ «այո»-ի միջև ընտրության գերխնդրի առջև են, բայց արդեն իրենց կողմից ընտրվել ու հաստատվել է այն արատավոր համակարգը, որ ըստ իր ամբարիշտ հայեցողության «ոչ»-ը այո է դարձնում և «այո»-ն՝ ոչ, և ժողովրդի ձայնը, ըստ էության, արդեն որոշիչ չէ: Մեր օրենսդրական համակարգը տասնամյակներ շարունակ «բարեփոխվում» և լրամշակվում է, դառնալով առավել ամորֆ, ճկուն ու անհասցե: Օրինականության սահմաններում են մեր երկրում գործում զանազան բացահայտ ու «ՀԿապատ» աղանդները, որ դարձյալ սոցիալական խայծով հոգիների բարեհաջող որս են իրականացնում, օրենքով արդարացվում և ամրագրվում են մարդու անհատականությունը և մարդկային էությունը աղճատող, մարդուն դիմազրկող երևույթները: Եվ ինչ է օրենքը, ըստ էության: Օրենքը ի սկզբանե կոչված է կանոնակարգելու մարդկային հասարակության տարբեր գործառույթները: Իսկ այսօր օրենքը գլխավորապես հասարակությանը կառավարելի և կանխատեսելի դարձնելու լծակների համակարգ է, որ գործում է հօգուտ որոշակի խումբ մարդկանց: Մենք լավ հեռացել ենք ճշմարտությունից, շարժվելով դեպի այլ «ճշմարտություններ», դեպի այլ «ավետարաններ», դեպի այլ մխիթարություններ ու «մխիթարիչներ»: Մեր՝ աշխարհային սառնամանիքին մատնված հոգին մերկ է արդարությունից և զրկված Սուրբ Հոգու ջերմացնող ու սրբագործող կրակի շնչից, որով դարեր ի վեր մխիթարվել են մեր սրբասեր հայրերը: Միջազգային, համաշխարհային, համամարդկային և նման բառերը խլացնելու չափ թակել են մեր՝ ճշմարտության ձայնը երբևէ չլսած ունկերը, իսկ քաղաքավարություն, քաղաքակրթություն և քաղաքականություն բառերը լավագույնս են քողարկում մարդու հոգևոր անկումն ու ուծացումը իրականացնող գործընթացները:
ԱՆԻՐԱՎ ԲԱՐԵԿԱՄ
«Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկ. 16.9):
Սուրբ գրքում նշված բազում կուռքերի անուններից Հիսուս նշում է միայն Մամոնայի` դրամի կուռքի անունը` որպես բոլոր ժամանակներում Աստծո աննահանջ հակառակորդի:
Բոլոր կրքերն ու մոլությունները ինչ-որ կերպ հաղթահարելի են, իսկ այ դրամ կուտակելու մոլուցքը անկարելի է հաղթահարել: Այդ մոլուցքով բռնված են ոչ միայն նրանք, ովքեր արդեն իսկ մեծ կարողության տեր են, այլև չքավորներ, որոնց ցանկություններն ու հնարավորությունները պարզապես իրար չեն համապատասխանում, բայց վայ է, երբ համընկնեն: Թեև կան չքավորներ, որոնց Աստված ինքն է բարձրացնում իր փառքի համար, բայց նրանք ևս, եթե կորցնեն ինքնատիրապետումը, տրվեն դրամի և փառքի գայթակղությանը, թշվառ վախճան կունենան: Նրանք որպես կանոն դառնում են հանցագործներ` գողանալով, զրկելով, սպանելով հանուն փողի: Վիճակագրական փաստ է, որ ամեն հիսուն տարին մեկ սեփականությունը փոխում է սեփականատիրոջը: Մարդիկ, ովքեր շատ անմեղ նպատակներով սկսում են դրամ հավաքել, չեն էլ զգում, թե ինչպես աստիճանաբար դրամն ինքը վերածվում է գերնպատակի, այն աստիճանի, որ մարդիկ այլևս չեն ցանկանում այն ծախսել սկզբնական նպատակով, այլ ցանկանում են այդ դրամով ավելի մեծ շահույթ ստանալ: Սակայն իրենց կուտակածը չեն վայելում նրանց սերունդները: Ըստ Պողոս առաքյալի, կան «մտքով ապականված, ճշմարտությունից հեռացած» մարդիկ, որոնք շահի աղբյուր են համարում անգամ աստվածապաշտությունը: «Աստվածապաշտությունը շահի մեծ աղբյուր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից. ունենք կերակուր և հանդերձներ ու դրանցով էլ բավականանանք: Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմում-տանում են մարդկանց դեպի կործանում և դեպի կորուստ, որովհետև բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազում ցավերի մեջ» (Ա Տիմ. 6.5-10): Այդպիսիներին Հակոբոս առաքյալն ասում է. «Ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, և ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած, և նրանց ժանգը ձեր դեմ որպես վկայություն պիտի լինի և պիտի ուտի ձեր մարմինը՝ ինչպես կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցեք: Մեղկ կյանքով ապրեցիք երկրի վրա և շվայտացաք ու ձեր սրտերը պարարտացրիք մորթվելու օրվա համար» (Հակ. 5.1-5): Հիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ կմտնի Երկնքի արքայությունը: Ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թե հարուստը՝ Աստծո արքայությունը»: Աշակերտները շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կկարողանա փրկվել»: Հիսուս նրանց նայեց և ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծո համար ամեն ինչ կարելի է» (Մատթ. 19.23-26): Ինչքան դժվար է պարանը անցկացնել ասեղի «նեղլիկ ծակով», նույնքան դժվարությամբ հարուստը բաժանվում է իր ունեցվածքից: Այն հարուստները, ովքեր հարստությունը դիտարկում են որպես միջոց և ոչ` նպատակ, ամեն պահի պատրաստ են հրաժարվելու իրենց ունեցվածքից` հանուն ավելի բարձր գաղափարի, կամ գոնե ավելի խելամիտ կերպով են տնօրինում այն: «Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային: Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք...». ավելի գերադասելի է ընկերանա՛լ փողի հետ, քան ծառայե՛լ փողին... խոսքը այն մասին է, որ դրամը, որն ըստ էության անհրաժեշտություն չէ մարդու համար, այլ ըստ հանգամանքների, պետք է ի բարին գործածել` ձեռք բերելով անհրաժեշտը, հոգալով մեր նմանների կարիքները, չէ որ երբ մարդը դրախտում էր, նա ուներ ամեն ինչ, այսինքն` ամեն անհրաժեշտը, երբ մարդը ուներ ամեն ինչ, նրա ունեցածը շատ չէր, կամ քիչ: Ցավոք, այսօր փողը ասոցացվում է ազատության հետ, մանավանդ երիտասարդների մոտ. նրանք կարծում են, թե սեփական դրամական միջոցներով ավելի անկախ կդառնան, սակայն անկախանալով մեծերից, ընկնում են փողից կախման մեջ, և դառնում են անպատասխանատու, անհարգալից և շվայտ, խոսքը, իհարկե, բոլորին չի վերաբերում:
Հարստությունը չի փրկի հարուստին, եթե նա հարուստ է միայն իր և իր ազգականների կամ աթոռի համար, հափշտակում է, զրկում ու սպանում, աղքատությունը չի փրկի աղքատին, եթե նա չի կարողանում գոհանալ իր վիճակով և... արդյունքում ոչ միշտ է դառնում ունևոր, բայց միշտ դառնում է անիրավ:
Այսօր փողով կարելի է գնել ու վաճառել ամեն ինչ, մարդու մարմինն ու անգամ հոգին: Հիսուս չասաց, թե հարուստը չի մտնի Արքայություն, այլ` դժվարությամբ կմտնի: Այն ունևորները, ովքեր անտարբեր չեն իրենց հոգու փրկության հարցում, թող իմանան. Արքայության դուռը անչափ նեղ է նյութական բարիքներով այնտեղ մտնելու համար, դրանք պետք է տալ ու բաշխել ճանապարհին: Հարուստ է նա, ով տալիս է, քանզի տալիս է նա, ով ունի, նրան` ով կարիք ունի (Ղուկ. 21.12). Հարուստ, թե աղքատ` մարդու անմահ հոգին Աստծո ձեռքում է, կալվածքնե՛ր ձեռք բերեք Աստծո Արքայության մեջ, անցողիկով ձեռք բերեք անանցը: Տնանկնե՛ր ու չքավորնե՛ր, հետամուտ եղեք առաքինության ու հարստացեք շնորհներով, քանզի մարդուն ոչինչ չի փրկի, եթե նրա հարստությունը Ինքը` Աստված չէ:
Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ